Բաց նամակ`

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար պարոն Լորան Ֆաբիուսին,

 

պատճեն՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոյին

 

«Ձերդ գերազանցություն պարո′ն նախարար.

 

Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ հաճախակի իրենց արդարացի վրդովմունքն են արտահայտում Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսի կամայական գործողությունների առիթով: Հյուպատոսի կողմից անհարկի քաշքշուկները, կամայական ուշացումները և աշխատանքային ժամկետները խախտելը իսկական պատուհաս են դարձել Հայաստանի քաղաքացիների համար: Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ ներկայացնում են պատշաճ փաստաթղթեր՝ այդ թվում կապված պաշտոնական հրավերների հետ, և հյուպատոսի կամոք մուտքի արտոնագիր տրամադրվում է կամ թռիչքի օրը, կամ այնպիսի մի օր, երբ մարդկանց աշխատանքն այլևս տապալված է, և երկրից մեկնելը իմաստ չունի: Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են եղել վերադարձնել տոմսը, մուծել տուգանքներ, կորցնել գումարներ և նյարդեր՝ բացառապես հյուպատոսի կամայական վերաբերմունքի պատճառով: Անգամ հարցազրույցներ ընդունող բաժնի աշխատակիցների մարդկային և բարեհամբույր վերաբերմունքը չի կարող մեղմել քաղաքացիների արդարացի ցասումը, որովհետև կոնսուլի կողմից հանիրավի ներքաշվում են Ֆրանսիայի նման երկրին ոչ հարիր բյուրոկրատական քաշքշուկների մեջ:

 

Մեծարգո պարոն նախարար,

 

Խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ հյուպատոսական բաժնում տիրող ամենաթողությունը վերացնելու համար: Բազմաթիվ երկրներում տեղի է ունենում վիզային ռեժիմի դյուրացում, իսկ պարոն հյուպատոսի թեթև ձեռքով Հայաստանում տեղի է ունենում տրամագծորեն հակառակ գործընթաց: Ի վերջո, դեսպանատան հետ մեկ անգամ առնչված ցանկացած քաղաքացու մոտ վերաբերմունք է փոխվում Հայաստանի համար ամենակարևոր դաշնակից և բարեկամ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նկատմամբ»:



ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսի կամայականություններից տուժած քաղաքացիներ