Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի համակարգում անցկացվող բարեփոխումներին, Զաքիր Հասանովի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո զինվորների մահվան փաստերի հետ կապված իրավիճակը, որը դարձել է ադրբեջանական բանակի գլխավոր խնդիրը, ոչ միայն չի լավանում, այլեւ վատանում է: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

 

Կայքը նշում է, որ ինչքան էլ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություններ է տարածում բարեհաջող իրագործված բարեփոխումների մասին, ինչքան էլ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովի գլխավորությամբ խմբավորումը նոր նախարարին խանգարում է բարեփոխել ադրբեջանական բանակը, «մի բան պարզ է, որ զինվորների մահվան հետ կապված խնդիրը, որը հրաժարականի բերեց նախկին նախարար Սաֆար Աբիեւին, լուծված չէ»:

 

«Ամեն օր մենք լսում ենք բանակում նոր ողբերգության մասին. զինվորները ինքնասպանություն են գործում, մահանում են հիվանդությունից, եւ ինչն ավելի վատ է' կրակում են իրար վրա», -նշում է կայքը:

 

Կայքը նաեւ հարց է բարձրացնում այն մասին, թե ինչու դժբախտ դեպքերից եւ հրամանատարական կազմի անփութության պատճառով մահերի թիվն ավելի է, քան հակառակորդի գնդակից սպանվածներինը: «Եթե նախկինում մենք դա կարողանում էինք վերագրել Սաֆար Աբիեւի կոռումպացված գեներալիտետին, ապա ո՞ւմ վերագրենք այժմ: Միթե՞ Զաքիր Հասանովին», -հարցադրում է կայքը:

 

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 42 զինծառայող, նրանցից 28-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 73 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: