Վրաստանը՝ որպես շուկա, ունի 4.2 մլն բնակչություն և ունի բարեփոխումների դրական փորձ, ինչը կարևոր է Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ Հայաստան-Վրաստան համագործակցության մի քանի ուղղություններ կան. Վրաստանն իր բարեփոխումների ժամանակ օգտագործեց Հայաստանի փորձը, իսկ այժմ եկել է ժամանակը, որ մենք իրենց բարեփոխումների փորձն օգտագործենք: Վրաստանը մեզ համար շատ կարևոր է որպես ներդրումային և բիզնես բարենպաստ միջավայր, կարելի է տնտեսական համագործակցություն զարգացնել նաև միջազգային կոնվենցիաների շրջանակներում, որոնք կվերաբերեն տրանսպորտային փոխադրումների, նավահանգիստների օգտագործման և այլ հարցերին: Վրաստանը ԵՄ «Արևելյան գործընկերության» ցանկում ընդգրկված պետություններից մեկն է, ԵՄ հետ ինտեգրման գործընթացի առումով քիչ ավելի առաջ է ՀՀ-ից, և ընդհանուր խնդիրների լուծման տեսակետից հնարավոր է համագործակցություն:
Գ. Մակարյանը Վրաստանի դիրքորոշումը կարևորեց ՀՀ-ՌԴ համագործակցության հարցերում, քանի որ եթե Վրաստանը փոփոխություններ է անում, բարելավում է իր հարաբերությունները ՌԴ հետ, ապա դրա արդյունքում ՌԴ սահմաններն ավելի են «մոտենում» ՀՀ-ին: «Այս տեսանկյունից պետք է կշռադատենք ապագայում այդ ազդեցությունների այլ կողմերը»,- ասաց Գ. Մակարյանը:
Վրաստանը մեզ համար նաև Ադրբեջանի հետ կապված հավասարակշռություն ստեղծելու առումով նպաստավոր երկիր կարող է լինել: Վրաստանը նույնպես ունի մեծ թվով միգրանտներ և պետք է փորձի ցիրկուլյար միգրացիա ապահովել: Այդ մոդելը մեր երկրները կարող են գտնել համատեղ՝ քաղաքացիական հասարակության և սոցիալական գործընկերների շրջանակում:
«Վրաստանը նաև Թուրքիայի հետ կապված հարցերում կարող է որոշակի օգտակար դեր կատարել, առավել ևս, որ Իրանի խոսքը միջազգային ասպարեզում առայժմ այլևս ծանրակշիռ դեր չունի»,- նկատեց Գ. Մակարյանը: