Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 21-ին նշվող Բուժաշխատողի օրվա առթիվ:

 

Ուղերձում ասված է.

 

«Սիրելի բուժաշխատողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

 

Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը' որպես արժեւորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որ իրականացնում եք դուք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն ու մարդկային որակներ: Սրտացավությունը, հոգատարությունն ու կարեկցանքը ձեր առօրյայի պարտադիր մասն են կազմում եւ ոչ պակաս կարեւոր են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից:

 

Ես ուզում եմ խորին երախտագիտության խոսքեր հղել Արցախի վաստակաշատ բուժաշխատողներին' ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար, հատկապես նրանց, ովքեր մեզ պարտադրված պատերազմի դաշտում անօրինակ հերոսություն ու սխրանք ցուցաբերեցին, համակարգի երիտասարդ աշխատակիցներին, ովքեր, շարունակելով իրենց նախորդների լավագույն ավանդույթները, պետք է ամեն ինչ անեն դրանք պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ:

 

Առողջապահության ոլորտը մեր ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկն է, այդ իսկ պատճառով առանձնահատուկ տեղ է հատկացվում նրա առջեւ ծառացած խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում' ուղղված բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը, ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Այդ ամենն արվում է հանուն մեկ նպատակի' հանրապետության բնակչության բուժսպասարկման եւ բուժօգնության մակարդակի շարունակական բա րձրացման, մարդկանց առողջության պահպանման:

 

Թանկագին բարեկամներ,

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»: