Ադրբեջանի իրավապահ մարմինները պարզել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունե (ԻԼԻՊ) իսլամիստական ահաբեկչական խմբավորման կազմում հունիսի 9-ին Սիրիայի Ռագգա քաղաքի մոտ կառավարական ուժերի հետ բախումներում սպանված 33-ամյա ադրբեջանցին Տերտերի շրջանի բնակիչ Չինգիզ Իլգար օղլու Ալիևն է: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Սպանվածի լուսանկարը սոցիալական ցանցերում տարածել են ԻԼԻՊ-ի ադրբեջանցի մարտիկները: Այդ լուսանկարի շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է սահմանել նրա անձը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է հարյուրից: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) վարել Սիրիայում: