Արարատի մարզի համայնքների բյուջեներով 2014 թվականի եկամտային մասը նախատեսվել է 5 մլրդ 579 մլն դրամ, որի դիմաց հունիսի մեկի դրությամբ փաստացի մուտք է եղել 2 մլրդ 104 մլն դրամ: Տարեկան պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 38 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է մուտքագրվել 157 մլն 465 հազար դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, սեփական եկամուտների պլանը կատարվել է 30.8 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մոտքագրվել 10.9 մլն դրամ' գույքահարկի և այլ մուտքերի պլանավորման ավելացման հաշվին:

 

Եղիազարյանն ըստ հարկատեսակների ներկայացրեց հետևյալ պատկերը. հողի հարկի գծով փաստացի գանձվել է 139 մլն դրամ, գույքահարկի գծով' 214.9 մլն դրամ, տեղական տուրքերի գծով' 37.6 մլն դրամ: Հողի վարձավճարների գծով մուտքագրվել է 34.3 մլն դրամ: Բարձր կատարողական են ապահովել 19 համայքներ. Դաշտաքար համայքը' 154 տոկոս, Նարեկ համայնքը' 129 տոկոս, Դիտակը և Մրգավանը' 100 տոկոս, Նոր Խարբերդը' 81 տոկոս և այլն: Այն մուտքերով հավաքագրվել է 67 մլն դրամ:

 

Վարչության պետը պարզաբանեց, որ բնակլիմայական պայմանները' մասնավորապես մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարությունը խիստ բացասաբար է անդրադարձել գյուղատնտեսության վրա, ինչն էլ իր հերթին ազդեցություն է թողել համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վրա: Այդ առիթով պետական աջակցություն ցուցաբերվեց' հատկացվելով ընդամենը 67 մլն դրամ հողի հարկի և 141 մլն դրամ ոռոգման ջրի վարձի 50 տոկոսի չափով փոխհատուցման համար: «Ցուցաբերած օգնությունն ինչ-որ չափով մեղմացնում է համայնքի և գյուղացու հոգսը, սակայն աղետալի հետևանքները լուրջ են»,- ընդգծեց նա' հավելելով, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այս առիթով խստագույնս հանձնարարել է, որպեսզի եռօրյա ժամկետում թերացող համայնքները կատարեն իրենց վարձավճարները' բարձրացնելով վճարումների շեմը: «Հանձնարարականը կատարելուց հետո, այս տարվա վեց ամիսների տվյալներն ամփոփելիս, արդեն կունենանք ավելի բարձր ցուցանիշներ»,- ընդգծեց նա: