Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար արտադրության և իրացման պետական տուրքը սահմանված է տարեկան 15 մլն դրամ, որը, սակայն, իրացման փոքր ծավալների պայմաններում բավական մեծ թիվ է կազմում ՓՄՁ-ների համար: Խնդրով մտահոգ արտադրողները հարցը ներկայացրեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:

 

Սպիրտային խմիչքներ արտադրող ընկերություններից մեկի տնօրեն Գագիկ Հակոբյանը նշեց, որ պետական տուրքի չափը զգալի է դառնում հատկապես նորաբաց ընկերությունների համար, որոնք դեռ զիջում են իրենց արտադրության ծավալներով: «Օրինակ, մենք սկսել ենք աշխատել 5 տարի առաջ, սակայն դեռևս խնդիրներ ունենք կապված արտադրության և իրացման հետ: Այս պարագայում պետական տուրքի վճարումը դեռնում է մեծ բեռ ձեռնարկության համար, ինչն էլ խոչընդոտում է դրա զարգացմանը: Կարծում եմ, պետական տուրքի չափը պետք է տարբեր լինի նորաբաց ընկերությունների և արդեն իսկ կայացած,մեծ ընկերությունների համար»,-ասաց Հակոբյանը:

 

Արձագանքելով տնտեսավարողի ներկայացրած խնդրին' ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ հարցն արդեն իսկ քննարկվում է հանձնաժողովում: «Օրենսդրությամբ բոլոր տնտեսավարողների համար սահմանված է պետական տուրքի նույն դրույքաչափը: Սակայն երբ պետտուրքի համար անհրաժեշտ գումարը բաժանում են տվյալ ընկերության տարեկան իրացման ծավալի վրա, ապա ստացվում է, որ փոքր արտադրողները մի քանի անգամ ավելի գումար են վճարում, քան մեծերը: Համահարթեցման առումով մենք մշակում ենք առաջարկություններ, որոնք կներկայացվեն համապատասխան&nb sp; պետական մարմիններին»,-ասաց Շաբոյանը:

 

Հայկական տնտեսության մեջ ալկոհոլային խմիչքների արտադրությունը զգալի տեղ է զբաղեցնում: Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը նախորդ տարի կազմել է 20,3 մլն լիտր, գինու արտադրության ծավալը' 6,4 մլն լիտր: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 9,9 մլն լիտր օղի, 536,4 հազար լիտր շամպայն և 19,8 մլն լիտր գարեջուր: