Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նիստում իրեն պահել է ինչպես պարծենկոտ և կռվարար: Այս մասին հայտարարել է բրիտանացի պատգամավոր Փոլ Ֆլինը' Covcas bulletin ամսագրի կայքում հրապարակած հոդվածում:
Ֆլինը նշում է, որ ընդամենը 30 վայրկյան ժամանակ է ունեցել Ալիևին հարց ուղղելու համար, և ինքը հարցրել է. «Ես հանդիպել եմ Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով ձերբակալված բլոգերների և լրագրողների: Նախագահական ընտրությունները ձեզ մոտ կեղծվել են: Եվրոպայի Խորհրդում ձեր նախագահությունը նշանակելու՞է արյոք, որ Ադրբեջանը մարդու իրավունքների մակարդակը բարձրացնելու է մինչև Եվրոպայի Խորհրդի չափանիշներ, թե՞ չափանիշներն են իջեցվելու ձեր ընկճող մակարդակին»:
«Նա դուրս եկավ ափերից, ինչպես մնացած բոլոր անհարմար հարցերի դեպքում»,- գրում է Ֆլիննը:
Բրիտանացի պատգամավորը հեգնանքով նշում է, թե հարկ էր, որ Ալիևը ծանոթանար 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցին, որում նշվել է, որ հոկտեմբերի 9-ին անցկացված ընտրությունները լուրջ խախտումներով են անցել 58 տոկոս ընտրատեղամասերում, 37 տեղամասերում լցոնումներ են գրանցվել: «Եվ այդ ընտրությունները Ալիևը գնահատում է որպես արդարացի»,- նշում է պատգամավորը:
Հեղինակը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացրել էին, որ Ադրբեջանին չի սազում Եվրոպայի Խորհրդում նախագահի դերը: Նա մեջբերել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսի խոսքն այն մասին, որ հեգնական է փաստն այն մասին, որ Ադրբեջանը ներկայումս ղեկավարում է ԵԽ-ն' մի կազմակերպություն, որի չափանիշները նա մշտապես խախտում է:
Նրա խոսքով' նավթային հարստություններն Ալիևն օգտագործում է աշխարհն իր կողմը գրավելու համար: Պատգամավորը նշել է, որ ԵԽԽՎ-ի ելույթում Ալիևը գանգատվել է Լեռնային Ղարաբաղի հարցում Արևմուտքի պակաս միջամտելու մասին և ակնարկել ինչ-որ գործողությունների մասին: «Դիտորդները երկյուղում են, որ հնարավոր է' նա ինչ-որ ռազմական գործողություններ է ծրագրում: Մեզ մնում է հուսալ, որ հակամարտությունը կմնա սառեցված, և կհաջողվի խուսափել արյունահեղությունից»,- ամփոփել է բրիտանացի խորհրդարանականը:
Իշխանամետ haqqin.az լրատվական կայքը Փոլ Ֆլինի միանգամայն արդարացի դիտարկումները գնահատել է որպես Ալիևի հասցեին արված «վիրավորանք»: