ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ' ծանոթանալու կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում, զրուցել գյուղացիների հետ:
Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաև աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման հարցերը: Նախարարը խոստացել է խնդիրներին ընթացք տալու համար բարձրացված հարցերը ներկայացնել հանրապետության վարչապետին:
Հայկասար համայնքում գյուղացիները բարձրացրել են նաև արոտավայրի խնդիրը: Նախարարը խոստացել է հանգամանորեն ուսումնասիրել և մարզում իրականացվող արոտավայրերի բարելավման ծրագրի շրջանակներում ընթացք տալ բարձրացված հարցին: Նախարարը միաժամանակ նշել է, որ տուժած յուրաքանչյուր տնտեսության կցուցաբերվի անհատական մոտեցում' կապված վնասի իրական չափերից:
Մարզում ստեղծվել է կարկուտի պատճառած վնասների ուսումնասիրման մարզային հանձնաժողով, որը մեկ շաբաթվա ընթացքում կարձանագրի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն գյուղացիների կրած վնասների մասին: