Լատվիայում սկանդալ է բորբոքվում' կապված այդ երկրում Ադրբեջանի հյուպատոս Նիջաթ Սադըգովի հետ: Ինչպես հաղորդում են լատվիական ԶԼՄ-ները, ադրբեջանցի դիվանագետն իր անձնական օգտագործման ավտոմեքենայի վրա դիվանագիտական համարանիշեր է փակցրել եւ անվայելուչ վարք դրսեւորել:

 

Իրենց հերթին, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Նիջաթ Սադըգովը կանչվել է Ադրբեջան, որտեղ նրա հետ արտաքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններում «պրոֆիլակտիկ զրույց» է անցկացվել:

 

Բաքվում այդ «զրույցից» հետո Նիջաթ Սադըգովը 80 հազար դոլար արժողությամբ իր ավտոմեքնայի վրայից հանել է դիվանագիտական համարանիշերը:

 

Լատվիայում «Ազադլըգ» թերթի աղբյուրները հաստատել են ադրբեջանցի հյուպատոսի անվայելուչ վարքի մասին տեղեկությունը: Աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցի հյուպատոսի սանձարձակ վարքը եւ դիվանագիտական վարքականոնների խախտումը գրավել են Լատվիայի հատուկ ծառայությունների եւ ԱԳՆ-ի ուշադրությունը: Տեղեկատվությունը թափանցել է նաեւ երկրի առաջատար ԶԼՄ-ներ:

 

Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը հայտարարել է, որ գերատեսչությունում ուսումնասիրում են այդ հարցը' դրանով անուղղակիորեն հաստատելով, որ հյուպատոսի վարքը դիվանագիտական սկանդալի է վերածվել:

 

Նիջաթ Սադըգովն Ադրբեջանի Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի որդին է եւ հայտնի է նրանով, որ ցանկացել է Բաքվում իրեն պատկանող «Իզմիր» ռեստորանը վաճառել 8 մլն մանաթով:

 

Նման մի սկանդալ էլ օրերս տեղի էր ունեցել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետի հետ. թուրքական ոստիկանության աշխատակիցները ծեծի էին ենթարկել վերջինիս: Անկարայի ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել էր դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենան, որի վարորդը լրջորեն խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները: Պարզվել էր, որ այդ ավտոմեքենայի վարորդը Անկարայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետ է: Դիվանագետը կոպիտ կերպով հայտարարել էր, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի եւ ոստիկանության աշ խատակիցներն իրավունք չունեն իրեն կանգնեցնել:

 

Թուրք ոստիկանները հայտարարել են, որ չեն կարող նրան բաց թողնել' առանց վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմելու: Դա հունից հանել էր «ինքնավստահ» ադրբեջանցի դիվանագետին: Նրանց միջեւ վեճը վերածվել էր ձեռնակռվի, չնայած, ոստիկանության աշխատակիցները փորձել էին հանգստացնել ափերից դուրս եկած ադրբեջանցի դիվանագետին:

 

Վերջինս հեռացել էր դեպքի վայրից, զանգահարել դեսպանատուն եւ հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծել են: Ադրբեջանի դեսպանատունն անմիջապես դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն' պահանջելով հետաքննել այդ գործը: