Այս տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանում իրենց ամուսինների կողմից մահացու ծեծի է ենթարկվել 28 կին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի «Կանանց նախաձեռնություն և օգնություն սոցիալական խնդիրների լուծման մեջ» հասարակական «Սոցիում» միության նախագահ Զեմֆիրա Մուստաֆաևան:

 

Նրա խոսքով՝ օրեցօր Ադրբեջանում մեծանում է ընտանիքում բռնության պատճառով գյուղերից քաղաք փախչող կանանց թիվը: «Ադրբեջանում միշտ էլ եղել է ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն, երբեք չի եղել այդչափ սպանության դեպք: Ընդամենը երկու ամսում 28 սպանված կին՝ դա արդեն սարսափելի ողբերգություն է: Դա ցույց է տալիս, որ անհանգստության համար հիմքեր կան: Այսօր օգնության համար մեզ դիմում են և խնդրում ապաստանել կանայք Մասալլըից, Գուբայից, Գուսարից և այլ շրջաններից: Նրանց մեջ կան մեկ կամ երկու երեխաներով կանայք: Նրանք ամուսիններից փախչում են անորոշություն, միայն թե փրկեն իրենց կյանքը: Ավելի շատ բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք»,- ասել է Մուստաֆաևան:

 

Նա նշել է, որ Ադրբեջանում առկա բռնությունների շատ տեսակներից ամենատարածվածներից են ֆիզիկական և սեռական բռնությունը, ընդ որում՝ քաղաքներում գերազանցում է սեռական, իսկ գյուղերում' ֆիզիկական բռնությունը, ինչն ավելի հաճախ գրանցվում է երկրի հարավային շրջաններում: