Մոտ 20 տարի առաջ ՄԱԿ-ի կողմից հուլիսի 6-ը հաստատվել է որպես Համբույրի միջազգային օր։ Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրը համբուրվելու մրցույթներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները փորձում են նորանոր ռեկորդներ սահմանել։ Հաճախ խաղարկվում են տարբեր մրցանակներ ամենաերկարատեւ, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրի համար:

 

1990 թվականին նման մրցույթներից մեկի ընթացքում ամերիկացի Ա. Վոլֆրամը Մինեսոտա նահանգից 8 ժամվա ընթացքում հասցրել է համբուրել 8000 հոգու՝ յուրաքանչյուրին 3.6 վայրկյան:

 

Ամենից շատ համբույր գրանցվել է 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուան» ֆիլմում՝ մոտավորապես 191 համբույր:

 

Ըստ հոգեբանների, առավել հաճախ համբուրվող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված:

 

Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչև 150 անգամ: Այդ հատվածում աշխատում է մարդու 30 մկան: Համբույրի ընթացքում զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիաներ, որոնցից 95%-ը վտանգավոր չեն առողջության համար: Համբույրի ընթացքում մարդու շուրթերը փափկում են, դառնում վարդագույն, այդ իսկ պատճառով էլ այդ գույնի շուրթերը համարվում են գրավիչ:

 

Համբույրի միջազգային օրն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Մարդիկ՝ ծանոթ, թե անծանոթ, համբուրում են միմյանց, գրկախառնվում և կիսում իրենց էմոցիաներն ու հույզերը: Շատերի կարծիքով մարդիկ այսքան տարի շարունակում են համբուրել իրար, քանի որ այն չի դադարում մնալ զգացմունքների ամենապարզ և ամենահաճելի արտահայտումը: