ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առողջապահության համարշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի հրավերով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն:
Երկօրյա այցի ընթացքում Արմեն Մուրադյանը կհանդիպի գրասեյակի ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
Նա տեղում կծանոթանա առողջապահական կարևոր այս կառույցի ծրագրերին ու ընթացիկ աշխատանքներին: Կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, կմշակվեն առաջիկա համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Մուրադյանին նաև կներկայացվի լաբորատոր կարողությունների հզորացման ԱՀԿ ծրագիրը:
Հուլիսի 8-ին Դանիայի մայրաքաղաքում նախարարը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպած' պանդեմիկ գրիպի դեմ պայքարի նոր ծրագրի (PIP-Pandemic Influenza Preparedness- Framework) շրջանակում կայանալիք առաջին համաժողովին:
Ծրագրի հիմքում այս հիվանդության կանխարգելման միասնական մեթոդի մշակումն է:Նախաձեռնության նպատակը ԱՀԿ անդամ երկրների ռազմավարական նշանակության միասնական քայլերի իրականացումն է:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, հնարավոր վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցերը: