ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների միասնական ճակատով հանդես գալը հնարավոր է համարում երկրորդ փուլ լինելու պարագայում։

«Ես հասկանում եմ այդ մոտեցումը, որ միասնական ընդդիմադիր թեկնածու են ուզում, և դրա ժամանակը հնարավոր եմ համարում երկրորդ փուլի պարագայում, այնպես որ պետք է սպասել զարգացումներին»,- Tert.am-ի զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ նախագահի գրանցված թեկնածուներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության թեկնածու է, Արմեն Մարտիրոսյանի համար ծանոթ իրավիճակ է։

«Նմանատիպ գործընթացներ շատ են եղել, և համոզված եմ, որ հասարակությունը տարբերում է, որ դա ընդամենը մրցակցին սևացնելու գործընթաց է և ոչ ավելին»,– ասաց նա։

««Ժառանգությանը» և Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին տարիներ շարունակ տարբեր ժամանակաշրջանում շանտաժային բառեր են ասել, որից հետո պարզ է դարձել, թե ով է իսկապես իշխանության թեկնածուն և ինչու համար էր իր թեկնածությունը դրել կամ ում դեմ էր իր թեկնածությունը դրել»,- ավելացրեց «Ժառանգության» նախկին պատգամավորը։

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ որևէ օգուտ չի տա նախագահի թեկնածուներից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի առաջարկը, որով վերջինս նախագահի մյուս թեկնածուներին կոչ էր անում դուրս գալ մրցապայքարից և այդպիսով գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մենակ թողնել մրցապայքարում։

«Բոյկոտի մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերը մանդատները չվերցնեին, որովհետև այդ ընտրությունները ոչնչով լավը չէին, քան մյուսը։ Ուստիև, քաղաքական դաշտում դրանից հետո պետք է բոյկոտի գործընթաց սկսեր»,– ասաց նա։

«Բայց այս պարագայում ունենք ոչ թե բոյկոտի, այլ չմասնակցելու գործընթաց, որի պարագայում էլ գործող նախագահը կվերընտրվեր, և ոչ մի խնդիր չէր ունենա»,- ընդգծեց նա և ավելացրեց, որ իր և Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ հակառակ փորձության դեպքում է հնարավոր ունենալ իրական արժեքներ։

«Դա այն է, որ քաղաքացին տանը չնստի, այլ մասնակցի ընտրություններին և իր ձայնը տա ընդդիմության ներկայացուցիչներին։ Այս դեպքում, կարծում եմ, հնարավորություն կունենանք, որքան էլ անհավասար մրցակցային պայքար լինի, էականորեն իրավիճակը փոխել»,- ասաց նա։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չսատարելու որոշմանը Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանություն չունի։

«Մեկնաբանություն չունեմ այդ առումով, թե «Ազատ դեմոկրատները» ում կսատարեն կամ չեն սատարի։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում, դա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի վրա բացարձակ չի ազդում. միանշանակ ինքը ընդդիմության կողմից, իսկապես, առաջատար թեկնածուն է»,- նշեց թեկնածուի լիազոր ներկայացուցիչը։

Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց քարոզարշավի հետ կապված այս պահին որևէ բան ասել։ «Քանի որ քարոզարշավը չի սկսել, ուստի նպատակահարմար չէ, և հետո ամեն ինչ դեռ որոշված էլ չէ։ Տակտիկական քայլերից որոշ հանգամանքներ քարոզարշավի հենց մեկնարկից արդեն ձեզ պարզ կդառնան»,- եզրափակեց նա։