Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» ներկայացուցիչներին Վիեննայի բանակցություններում առայժմ չի հաջողվում դիրքորոշումները համաձայնեցնել մի ամբողջ շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրանական միջուկային ծրագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 7-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ վերջնական համաձայնության տեքստի նախագծում դեռեւս բացակայում են մի շարք կարեւոր դրույթներ: Գործակալության զրուցակիցները նշել են, որ բանակցություններում գլխավոր խնդիրը մնում Է Իրանում ուրանի հարստացման հարցը: Իր կողմից իրանական ԻՌՆԱ գործակալությունը հաղորդում Է, որ հուլիսի 7-ին Ավստրիայի մայրաքաղաքում բանակցություններ տեղի կունենան Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջեւ: Ենթադրվում Է, որ նրանք կքննարկեն իրանական միջուկային միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի պատրաստման ընթացքը: Հուլիսի 2-ին Վիեննայում մեկնարկել է միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) եւ Թեհրանի բանակցությունների հերթական լիաֆորմատ փուլը: Իրանի պատվիրակությունը գլխավորում է հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակումն է:

 

Պլանավորվում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը կտեւի մինչեւ հուլիսի 20-ը՝ ժամկետ, որի ընթացքում կողմերը ձգտում են համաձայնություն կնքել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքների մասին՝ երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամների առջեւ ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի պաշտպանել իր իրավունքը միջուկային տեխնոլոգիաների ստեղծման բնագավառում: «Մենք ամուր ենք կանգնած մեր օրինական իրավունքների պաշտպանության դիրքերում: Արտաքին ճնշումն ու սպառնալիքները միայն էլ ավելի ուժեղացրին իրանական ազգին»,- ասել է Լարիջանին: Քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն այսուհետեւ էլ չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաների մշակման իր իրավունքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: