Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության հարցերի բարձրացումը համարում է համայն հայության խնդիրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը' հավելելով, որ այդ լուրջ աշխատանքը պետք է կատարվի համայն հայության ջանքերով' կոորդինացվելով Հայաստանի Հանրապետության կողմից: «Համայն հայության ջանքերը կպահանջվեն, քանի որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը չի ճանաչում, կեղծում է ցեղասպանությունը ու ոչ մի նշան էլ չկա, որ կճանաչի այն: Թուրքիան ուժեղ պետություն է, Մերձավոր Արևելքում իր դիրքերն ունի, մեզ համար դժվար կլինի, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը: Դա մեր պարտքն է միլիոնավոր զոհերի հիշատակի առջև»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը, ով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն է:

 

Թուրքագետի համոզմամբ' Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում, որն ավելի թեժանում է 100-րդ տարելիցին նախընթաց, պետք է հույսը միայն մեզ վրա դնենք: «Մենք' Հայաստանը, Սփյուռքը, պետք է համատեղ գործունեությամբ տարբեր բնագավառներում հնարավորինս շատ աշխատենք, որ աշխարհն ավելի մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին: Աշխատենք, որ ոչ միայն աշխարհը տեղյակ լինի, քանի որ շատերը նույնիսկ չգիտեն էլ Հայոց ցեղասպանության մասին, այլ կարողանանք ուժեղացնել մեր պահանջատիրությունը, որը ոչ միայն ընդհանուր խոսքերի վրա հիմված լինի, այլև' հիմնավորված»,-նշեց նա:

 

Չնայած Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ չէ, բայց տեսնում է, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: «Մինչ այդ էլ ամբողջ հայությունը, իհարկե, տասնյակ տարիներ աշխատել է, հիմա էլ աշխատում է, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն»,-ասաց թուրքագետը' հավելելով, որ նորմալ է համարում պահանջատիրության տարբեր մոտեցումների առկայությունը, քանի որ ցեղասպանության հարցն առնչվում է յուրաքանչյուր հայի հոգու և սրտի հետ ու կարող է յուրովի ընկալվել: «Մարդիկ կան, որ դա ընդունում ե ն զգացմունքային տեսանկյունից, մարդիկ կան սառն են դատում: Ընդհանուր առմամբ' հայության պահանջը, ես կարծում եմ, մեկը պետք է լինի' դատապարտում և պահանաջատիրություն:

 

Շատ տարբեր ձևեր կարող են լինել. մարդիկ կլինեն, ովքեր պահանջատիրությունը կընկալեն Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունում, դատապարտում և ներողություն խնդրել: Սա էլ է պահանջատիրության ձև' սա բարոյական, որոշ չափով էլ քաղաքական պահանջատիրություն է: Ես պահանջատիրությունն այլ կերպ եմ ընկալում: Առաջին քայլը պետք է լինի իմ կողմից արդեն նշված տարբերակը, որին պետք է հաջորդեն այլ քայլեր, քանի որ ցեղասպանությունը, լինելով ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ, միայն այն ժամանակ կդատապարտվի, երբ դրա հետևանքները վերացվեն»,-ասաց Սաֆրաստյանը' ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը մեր հայրենազրկումն է:

 

«Հայոց ցեղասպանությունը, ի տարբերություն Հոլոքոստի, հայրենազրկող ցեղասպանություն է:
Այդպիսի ցեղասպություն չի նախատեսվում միջազգային փաստաթղթերում, ցեղասպանության մասին 1948 թվականին ընդունված կոնվենցիայում: Այստեղ, իհարկե, մեծ աշխատանք կա անելու, որ մենք դրանում մտցնենք հայրենազրկող ցեղասպանությունը որպես ցեղասպանության առանձին տեսակ»,-փաստեց թուրքագետը:

 

Ռուբեն Սարաստյանի խոսքով' հայրենիքի վերադարձման մի քանի բաղադրիչ կա. այն ենթադրում է հազարավոր մշակութային, հոգևոր արժեքների վերականգնումը, որ Արևմտյան Հայաստանի տարածքում յուրացվել ու ոչնչացվել է Թուրքիայի կողմից: «Դա նշանակում է ֆինանսական փոխհատուցում այն կորուստների դիմաց, որ 1.5 միլիոն հայեր կորցրել են' շարժական ու անշարժ գույք: Դա նշանակում է մեր տարածքային կորուստների վերադարձ, որը ևս պետք է դիտարկվի: Պետք չէ ասել, որ սա անհնարին է ու սահմանափակվել դրանով: Մենք պետք է բոլոր ձևերն ուսումնասիրենք ու պատրաստ լինենք քաղաքական իր ադրության փոփոխմանը, որը ես չեմ բացառում' հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները».-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Նրա խոսքով' պետք է իրավական առումով գրագետ լինել, իմանալ միջազգային իրավունքը ինչ հնարավորություններ է տալիս: «Քաղաքագիտական առումով պետք է պատրաստվել' վերլուծելով միջազգային իրադրությունը, որ հասկանանք' երբ է բարենպաստ, որ մեր պահանջները ներկայացնենք: Պետք է ուսումնասիրենք Թուրքիան, տեսնենք ինչ հնարավորություններ կան, ինչ իշխանություններ են: Պետք է պատմագիտական առումով էլ պատրաստվել: Եթե մեզ հնարավորություն ընձեռվի ինչ-որ հայց ներկայացնել Թուրքիային, պահանջներ դնել, պետք է հասկանանք, թե ինչ ենք պահանջում, ինչ ենք կորցրել»,-եզ րափակեց թուրքագետը: