Սպիտակ տունը հրապարակել է հաջորդ երկու տարիներին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի անունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է rferl.org-ը:
Բաքվում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կփոխարինի «հարուստ դիվանագիտական փորձ» ունեցող Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան: Մինչ այդ նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի' էներգետիկայի եւ բիզնեսի հարցերով բյուրոյում էներգետիկայի, պատժամիջոցների եւ հումքային ապրանքների գծով տեղակալի պաշտոնը: Նախկինում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Քաբուլում, Տոկիոյում եւ Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանատներում: Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան ավարտել է Ջորջթաունի համալսարանը եւ ունի Գլոբալ մենեջմենթի դպրոցի ու Ազգային ռազմական քոլեջի մագիստրոսի աստիճան:
ԱՄՆ Սենատում թեկնածությունը հաստատվելուց հետո Ռոբերտ Սեկուտան կանցնի Ադրբեջանում իր լիազորությունների կատարմանը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի ծառայողական լիազորությունների ժամկետը լրանում է օգոստոսին: