ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հուլիսի 11-ին հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած անձանց որոնումներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Ներկաները բարձրացրել են անհայտ կորածների կարգավիճակի ճանաչման վերաբերյալ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության հարցը: Նշվել է, որ նախորդ գումարման խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել անհայտ կորածի մասին օրենքի նախագիծ, որը, սակայն, շրջանառությունից հանվել է:

 

Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը խոստացել են առաջիկայում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ և ճշտել օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումը: Նրանք պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ևս հանդիպել ու քննարկել անհայտ կորածների հարազատների առաջարկներն ու խնդիրները:

 

Հանդիպումը նախաձեռնել էր «Առողջության և կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերն է և այդ համագործակցության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտությունից մինչ օրս անհայտ կորած ազատամարտիկների, զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների հետ: