Թուրքական մամուլը հրապարակել է երկրի նախագահի թեկնածու առաջադրված, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընտանիքին պատկանող առանձնատների լուսանկարները, որոնք նա չի հայտարարագրել: Մամուլը պարզել է, որ Էրդողանն այդ ունեցվածքը գրանցել է իր ընկեր Լաթիֆ Թոփբաշի անվամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոզչու» թերթը:
Թերթը գրել է, որ Իզմիրում 2 առանձնատների շինարարությանն անձամբ հետեւել է Էրդողանը դուստրը' Սումեյյան, եւ դրանք կառուցվել են հենց Էրդողանի ցանկությամբ:
Նշվում է, որ առանձնատներում տղամարդկանց եւ կանանց համար առանձին լողավազաններ էլ են կառուցվել: Կանանց լողավազաններն առանձնացվել են հատուկ վարագույրով: Առանձնատները գտնվում են Ուրլայի շրջանում: Դրանց շինարարությունը նոր է ավարտին հասցվել, եւ այժմ այնտեղ սպասում են էրդողանների այցին:
Թերթը գրում է, որ առանձնատների բակերում Էրդողանի ցանկությամբ հատուկ էկզոտիկ ծառեր են տնկվել: Մոտ 20 հա զբաղեցնող առանձնատների տարածքում ուղղաթիռի վայրէջքի հատուկ տարածք էլ է նախատեսված:
Թերթը գրում է, որ անցյալ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում' Էրդողանի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, հրապարակվել էին նաեւ Սումեյյայի հեռախոսային խոսակցությունները, որոնցում նա առանձնատների շինարարության հետ կապված հանձնարարակններ է տալիս շինարարներին:
Համացանցում հայտնվել էր նաեւ Էրդողանի մոտ ընկեր Մուստաֆա Լաթիֆ Թոփբաշի եւ Սումեյյա Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս նրան ասում է, որ առանձնատները իրեն եւ իր մորը' Էմինե Էրդողանին դուր են եկել, սակայն, ինքը ցանկանում է որոշ փոփոխություններ կատարել: Նրա խոսքը վերաբերել էր լողավազանները վարագուրելուն եւ շրջապատը ցանցապատելուն: