Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլը: Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը վերականգնողական բուժման լիարժեք կուրս է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների համար։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրում ներառված են 17 երեխաներ, ովքեր միայնակ մայրերի խնամքի տակ են: «Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների հիմնախնդիրները պարտադիր ներառվում են քաղաքապետարանի տարբեր ծրագրերում։

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի՝ այս ոլորտին վերաբերող բոլոր հնարավորությունները գործի են դրվում այդ խնդիրները աստիճանաբար ավելի ու ավելի մեղմելու համար, և դա արվում է ոչ միայն քաղաքը հարմարավետ դարձնելով, այլև նրանց առողջությանն ուղղված նման ծրագրերո վ։ Նշեմ նաև, որ սա նույնպես քաղաքապետարանի շարունակական ծրագրերից է»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

 

Ծրագիրը քաղաքապետարանին է ներկայացրել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը։ «Մեր ներկայացրած ծրագրին այսքան արագ ու գործնական արձագանքն անգամ անսպասելի էր։ Ամբողջ ծրագիրն ընթանում է շահառու երեխաների մայրերի ցանկությանը համապատասխան, բոլոր մանրուքներով։ Եվ այս ամենը նաև հոգեբանական մեծ աջակցություն է այս երեխաների մայրերին։ Արդեն ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլում ենք։ Հիդրոթերապիան նպաստում է հետագայում ֆիզիոթերապիայի և այլ մարզումների առավել արդյունավետ անցկացմանը, որովհետև մկանային համակարգը բացվում է, մարզվում է։

 

Ջրային մարզումներն իրականացնում է մեր երեխաների սիրելի կինեզոթերապևտը՝ Միսակ Դարբինյանը, և սպասում ենք լավ արդյունքների։ Ապահովված են բոլոր պայմանները, մասնավորապես՝ փոքր լողավազան, որտեղ հնարավոր է կայուն պահպանել ջրի անհրաժեշտ ջերմաստիճանը»,- նշել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

 

Երեխաների մայրերն ընդգծել են, որ առաջին՝ հիպոթերապիայի կամ ձիաբուժության դրական ազդեցությունն արդեն զգալի է։ Երրորդ՝ արտթերապիայի փուլի ավարտից հետո, ծրագրի շահառու երեխաները բոլոր 3 փուլերով վերականգնողական բուժման ևս մեկ շրջան են անցնելու աշնանը։