Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը Մոսկվա մեկնելուց մի քանի օր առաջ լյարդի ծանր վիրահատություն է տարել եւ դեռեւս չի հասցրել ապաքինվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրապետյանի ընկերներից գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանն ասաց, որ Հայրապետյանի առողջական վիճակը շատ վատ է, քանի որ շաքարային դիաբետի պատճառով նրա առողջությունը քայքայվել է, իսկ վերջերս տարած լյարդի վիրահատութ յունից էլ դեռ չի հասցրել կազդուրվել:

 

«Իմ միակ անհանգստությունն այն է, որ նա ողջ մնա: Նա գրեթե մահամերձ վիճակում է, ես չեմ չափազանցնում, նրա առողջական վիճակն, իրոք, շատ վատ է եւ գլխավոր հարցը, որ պետք է բարձրացնել այն է, որ կալանավայրում նրան հսկի բժիշկը: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նրան ընդհանրապես չպետք է ձերբակալեին:

 

Նա պետք է կազդուրվի, իսկ եթե վախենում էին, որ Լեւոնը կփախչի, թող տանկ տեղադրեին նրա հիվանդասենյակի առաջ»,- ասաց Բալայանը' հավելելով, որ Հայրապետյանի դեմ հարուցված գործն ու այս ամբողջ պատմությունը շատ խճճված է եւ մի շարք փաստեր չեն համապատասխանում իրականությանը:

 

Բալայանը շեշտեց, որ նա ոչ թե Մոնակոյից է վերադարձել Մոսկվա, այլ Երեւանից: Թե ինչու են Ռուսաստանում սխալ տեղեկատվություն տարածում' Բալայանը չպատասխանեց: «Եթե լրատվամիջոցները ցանկանում են օգնել Լեւոնին, ապա պետք է շատ խոսեն նրա առողջական վիճակի մասին, մնացած հարցերում իրեն ոչ ոք չի կարող օգնել: Միայն Լեւոնը կարող է իր հարցերը կարգավորել»,- ասաց Բալայանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:

 

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն , կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: