Պաշտպանական կողմը բողոքարկել է խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը, ում կասկածում են հանցավոր եղանակով ձեռք բերված փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով գործարարի փաստաբան Ռուբեն Մարգարյանին:
«Բասմանի դատարանի վճիռը համարելով անօրինական և անհիմն՝ խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին չեղյալ հայտարարել Լևոն Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը՝ նրան նշանակելով ազատազրկման հետ կապ չունեցող որևէ խափանման միջոց»,- հայտնել է Մարգարյանը:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը կալանավորվել էր հուլիսի 15-ին: Ձերբակալության համար հիմք են ծառայել Բաշքիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները, ով ցմահ ազատազրկված է՝ մի շարք ծանր հանցագործությունների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի Լևոն Հայրապետյանի դեմ: Գործարարն ինքը կտրականապես հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչելուց, մերժում բոլոր մեղադրանքներն իր հասցեին: