Հայաստանի պատասխանը հակառակորդին միշտ եղել է համարժեք: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի վերաբերմունքը ադրբեջանական գործողություններին:
«Ես ինքս եղել եմ Տավուշում, և մեր պատասխանատունները վստահեցնում են, ոÖ € մենք մի քանի անգամ ավելի ուժգին ենք պատասխանում հակառակորդին: Մեր պատասխանը միշտ միշտ եղել է համարժեք, իսկ ներկայումս էլ մշակում ենք ծրագրեր սահմանամերձ գյուղերի օժանդակության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց վարչապետը:
Խոսելով այն մասին, թե ինչպիսին է իր վերաբերմունքն այն փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին' ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը չի կարող միջամտել այդ գործընթացին: «Մենք գտնում ենք, որ երբ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում հակառակորդին, հանդուրժելի չէ, սակայն մյուս կողմից' կա առևտուր և շահեր, և մենք չենք կարող միջամտել»,- ասաց նա:
Ռուսական լրատվամիջոցներով հունիսի 18-ին տեղեկություններ են տարածվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակով տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ ու այլ սպառազինություն վաճառելու մասին, որոնց ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլար է: Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունեն: