Շիրակի մարզպետարանում, հուլիսի 22-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացավ փակ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին աղետու գոտուն՝ /Շիրակ, Լոռի և Արագածոտն/ առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Գյումրիում «Մուշ 2/2» թաղամասի բնակարնների սեփականաշնորհման, ինչպես նաև հետագա բնակարանաշինական ծրագրին առնչվող հարցեր:
Խորհրդակցությունից հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը՝ Գյումրիում բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ:
«Կոնկրետ մեր դիրքորոշումը՝ Գյումրիում 430 անօթևանների խնդիրը բնակարանի գնման վկայագիր /ԲԳՎ/ ծրագրի շրջանակներում լուծելն է: Մեր հիմնավորումն այն է, որ Գյումիում կան բազմաթիվ դատարկ բնակարաններ, և իմաստ չունի դրանք նորից կառուցել: Ավելի լավ է աշխուժացնել Գյում րու շուկան, քան թե կառուցել այս 430 բնակարանը»,- նշեց նախարարը:
Խորհրդակցության ընթացքում Գյումրու քաղաքապետին ՀՀ վարչապետը հանձնարարել է ծրագրի իրականացման հետագա ընթացքը պարզել բնակիչների հետ երկխոսությամբ: «Քաղաքապետարանը կհրավիրի բնակիչներին և, եթե, բնակիչները ցանկացան, որ կառուցվեն շենքեր՝ կկառուցվեն, իսկ եթե համաձայն կլինեն ԲԳՎ-ներին, կտրամադրվեն վկայագրեր:
Նոր կառավարությունը, ամեն դեպքում, լրջորեն քննարկել է 2 տարբերակն էլ, մենք ներկայացրել ենք լուծումներն ու աղբյուրները և մենք երկու տարբերակներին էլ պատրաստ ենք: Գյումրու քաղաքապետը 10 օրվա մեջ տեղեկացնելու է, թե բնակիրը որ տարբերակն է ընտրում»,- ավելացրեց Նարեկ Սարգսյանը:
Արմենուհի Մխոյան