Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը պարզություն է մտցրել հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ուժերի կողմից Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի ՌԴ քաղաքացի լինել-չլինելու հարցում Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից շահարկումների շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Վլադիմիր Դորոխինն այդ մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովին հղած նամակում:

 

Վլադիմիր Դորոխինը հայտնել է, որ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Քարվաճառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածների մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան»,- գրել է Դորոխինը:

 

Ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվել, որ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Դիլգամ Ասքերովը Ռուսաստանի քաղաքացի է: Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Բահար Մուրադովան քննադատել էր Ռուսաստանին այն բանում, որ այդ երկիրը «անտարբերություն է ցուցաբերում իր քաղաքացու ճակատագրի հանդեպ»:

 

ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել հուլիսի 14-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ձերբակալված անդամներին: