Ադրբեջանական մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով անավարտ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեմային անդրադարձել է azinform.az-ը' մեջբերելով Դիլգամ Ասքերովի նկատմամբ քրեական գործ բացված լինելու մասին baki-xeber.com-ում հրապարակված Մահամադալի Գարիբլիի հեղինակած հոդվածը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azinform.az-ում հրապարակված նյութի հեղինակ Նամիգ Թյուրքսոյը նշում է, որ այս տարվա ապրիլին milli.az լրատվական պորտալը հայտնել էր հետեւյալը. «Շամքիրի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք կասկածյալների: Հղում կատարելով «Քյափազ ԹՎ» հեռուստաալիքին, milli.az-ը հայտնել է, որ Շամքիրի ոստիկանությունը տեղեկացվել էր, որ Չինարլը գյուղի 54-ամյա բնակիչ Դիլգամ Ասքերովը զբաղված է թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելով: Ոստիկանության աշխատակիցները Դիլգամ Ասքերովի տանն անցկացրած ստուգումների արդյունքում նրա տանը եւ բակում բավականաչափ չոր մարիխուանա եւ ագրոտեխնիկական կանոնններով աճեցված կանեփի թփեր են հայտնաբերել: Շամքիրի ոստիկանության շրջանային բաժանմունքի հետաքննչական բաժնի պետ Մահեռամ Մամեդովը հայտնել է, որ Դիլգամ Ասքերովի տանը 1 կգ 514 գ չոր մարիխուանա, բակում էլ կանեփի 60 թուփ են հայտնաբերել: Դրանից բացի, տան բակի ծառերի փչակներում հատուկ արկղերի մեջ թաքցված 87 լուցկու տուփ մարիխուանա էլ են հայտնաբերել»:
Ոստիկանությունը պարզել է, որ Դիլգամ Ասքերովն իր աճեցրած թմրանյութերը վաճառքի էր հանում իր համագյուղացիների' 54-ամյա Մուբարիզ Մեհդիխանովի եւ 30-ամյա Էլբրուս Իսմայիլովի միջոցով: Վերջին անգամ Մուբարիզ Մեհդիխանովը ոստիկանության կողմից բռնվել է երկու լուցկու տուփ մարիխուանա Էլբրուս Իսմայիլովին 60 մանաթով վաճառելու պահին: Էլբրուս Իսմայիլովը ոստիկանությունում խոստովանել է, որ թմրանյութը 60 մանաթով գնել է Մուբարիզից: Մուբարիզ Մեհդիխանովն էլ խոստովանել է, որ երկու լուցկու տուփ մարիխուանան 40 մանաթով գնել է Դիլգամից եւ 60 մանաթով վաճառել Էլբրոսին: Դիլգամ Ասքերովն էլ խոստովանել է հետեւայլը. «Մուբարիզին ասացի, որ նման թմրանյութ ունեմ, նա ինձնից խնդրեց, ես երկու-երեք հատ տվեցի, նա էլ բռնվեց»: Երեք անձանց նկատմամբ էլ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով գործ է սկսվել: Տարվում է հետաքննություն»:
Այս տեղեկությունը ձեռք բերելուց հետո azinform.az-ը հետազոտություն է անցկացրել թմրանյութերի առեւտրի հետ կապված մի քանի ամիս առաջ ձերբակալված Դիլգամ Ասքերովի մասին առ այն, թե արդյոք դա նույն Դիլգա՞մն է, որը հայկական ուժերի կողմից ձերբակալվել է Քարվաճառում:
Շամքիրի Չինարլի գյուղի անունը հրապարակել չցանկացած անձը կայքին պատմել է. «Ռուսաստանում աշխատելու պատճառով նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ գալիս էր, հանդիպում էինք: Նա որպես հարկադիր վերաբնակ եկել է Քարվաճարից: Այստեղ նա ազգականներ, տուն, ընտանիք եւ բազմաթիվ ծանոթներ ունի: Չինարլըի 7 հազար բնակիչներից յուրաքանչյուրը նրան ճանաչում է»:
Կայքը հայտնում է, որ «Քյափազ ԹՎ»-ին ապրիլին անգամ ցուցադրել էր Շամքիրի շրջանի ոստիկանական վարչության կողմից թմրանյութերի առեւտրի համար Դիլգամ Ասքերովին ձերբակալալելու տեսապատկերները, որի link-ն իրենք ունեն:
Կայքը խնդրել է թեմայի հետ կապված պարզաբանումներ տալ Շամքիրի ոստիկանական վարչության քննիչ Փաքիզա Գուլիեւային, ով պատասխանել է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն իրենց «լուրջ ցուցումներ» է տվել' հարցի հետ կապված ոչ մեկին տեղեկություն չհայտնել:
Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով ապրիլին Ադրբեջանում ձերբակալված եւ իր նկատմամբ քրեական գործ բացված անձը հուլիսին հայտնվել Քարվաճառում: Ենթադրությունը միակն է' նրան խոստացել են գործը փակել, եթե համագործակցի հետախուզության հետ:
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը այսօր Բաքվում հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ Քարվաճառում ձերբակալված Դիլգամ Ասքերովը ՌԴ քաղաքացի է: Նա ՌԴ ղեկավարությանը քննադատել էր այն բանում, որ նրանք, իբր, անտարբերություն են ցուցաբերում իրենց քաղաքացու ճակատագրի հանդեպ: