Թուրքիան մտել է օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների լարված քաղաքական շրջան: Ընտրությունների օրվա մոտենալու հետ ավելի սուր բնույթ են ստանում միմյանց դեմ թեկնածուների օգտագործած արտահայտությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու, գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը նախընտրական քարոզարշավում շարունակում է քննադատել իր գլխավոր մրցակից, իսլամական աշխարհի կողմից ճանաչված Էքմելեդդին Իհսանօղլուին' մեղադրելով նրան այն բանում, որ Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավար եղած ժամանակաշրջանում իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման համար դրական ոչ մի քայլ չի կատարել: Էրդողանը Իհսանօղլուին իր համար թույլ մրցակից է անվանել, եւ քննադատել, որ վերջինս քարոզարշավում իր քաղաքական ծրագրերի մասին խոսելու փոխարեն կոչ է անում միմյանց նկատմամբ կոպիտ արտահայտություններ թույլ չտալ:
Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարող երրորդ թեկնածուն 20 մլն թուրքաբնակ քրդերին ներկայացնող Սալահեթդին Դեմիրթաշն է, ով առաջադրվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից: Քարոզարշավում Դեմիրթաշի քննադատության գլխավոր թիրախը Էրդողանն է:
Կարծիքի ուսումնասիրման իշխանամետ հետազոտական կենտրոնների անցկացրած հարցումների տվյալներով, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի նախագահի պաշտոնում կընտրվի Էրդողանը, ով այդ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից:
Թուրքիայի նախագահական ընտրություններում պատմության մեջ առաջին անգամ նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկության ընթացքում: Եթե օգոստոսի 10-ին թեկնածուներից որեւէ մեկին չհաջողվի հավաքել 51 տոկոսից ավելի ձայներ, ապա երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: