Ինչպես տեղեկացրել էինք' հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում' անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ' որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը' վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արման Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: