Տավուշի մարզի սահամանմերձ Բարեկամավան, Բերդավան, Բերքաբեր և Դովեղ գյուղերում, երեկ ողջ գիշեր տևված կրակոցներից հետո իրավիճակը ներկա դրությամբ խաղաղ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին համայնքների ղեկավարները: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի խոսքով' մի փոքր հուսադրող է, որ «կրակոցների դադարից հետո ամբողջ սահմանի երկայնքով դեռ կրակոցներ չեն եղել»:

 

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը' կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերը: Համայնքները կրել են նյութական վնասներ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ հակառակորդի կրակոցները հիմնակնում զգացվել են զինվորական հենակետերին մոտ գտնվող հատվածներում: «Սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերում հնչել են կրակոցներ: Որոշ հատվածներում հայկական կողմը պատասխան կրակ է բացել: Ադրբեջանական կողմն օգտագործել է հիմնականում հրազենային զենքեր, իսկ որոշ տեղերում' գնդացիրներ»,- ասել էր Հովհաննիսյանը:

 

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի գյուղապետ Երվանդ Եգանյանի խոսքով'հակառակորդի կրակոցներն սկսվել են երեկոյան ժամը 19:00-ից և շարունակվել մինչև առավոտյան ժամը 06:00-ը: «Կրակոցները հնչել են հիմանակնում հրազենային զենքերից: Հակառակորդը կրակում էր սահմանին մոտ գտնվող ճանապարհի ուղղությամբ, որը գտնվում է գյուղի ստորին հատվածում»,- ասաց Եգանյանը: Նա տեղեկացրեց, որ կրակոցներ են հնչել նաև հարևան Դովեղ, Բերքաբեր և Բարեկամավան համայնքներում:

 

Դովեղում կրակոցները դադարել են վաղ առավոտյան' 07:30-ին: Կրակոցներից վնասվել են գյուղի ծայրամասին գտնվող տների պատերը և դարպասները: Հակառակորդի գնդակը ներս է մտել տներից մեկի լուսամուտից' խփելով տան պատին:

 

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը հաստատել է, որ գյուղում հնչել են կրակոցներ, սակայն տեղեկացրեց, որ էական վնասներ չկան' միայն վնասվել են տների արտաքին պատերը: