Հայ հաքերները նպատակաուղղված հարձակման են ենթարկել ադրբեջանական կայքերը: Դրան զուգահեռ ադրբեջանական կայքերը նաեւ մեկ այլ ուղղությամբ DDoS հարձակման են ենթարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ` հարձակումներից անմասն չեն մնացել նաև հայկական մի քանի լրատվական կայքեր, այդ թվում` voskanapat.info, times.am, emedia.am:
«Երեկ Ոսկանապատն ադրբեջանական զոհերի մասին ներքին տեղեկատվություն էր տարածել, որը, ամենայն հավանականությամբ, ջղայնացրել է նրանց»,-ասաց փորձագետը:
Նշյալ լրատվական կայքերի ներկայացուցիչներից ճշտեցինք, թե ինչ աշխատանքներ են տարվում կայքերի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
«Մեր ադմիններն աշխատում են, այս պահին սերվերների հետ շատ դժվար է աշխատելը, DDoS-ը չի դադարում, ամեն մի հրամանը բավականին ժամանակ է տևում: Վերականգնման ժամկետների մասին չեմ կարող խոսել: Նրանք բացահայտել են IP-ներն ու այդպես են հարձակվել»,-հայտնեց times.am լրատվական, վերլուծական կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Սեդրակ Մկրտչյանն էլ, ով հանդիսանում է emedia.am էլեկտրոնային լրատվական պարբերականի հիմնադիրը, հայտնեց, որ մասնագետները ներկայում աշխատանք են տանում, որպեսզի DDoS-ի ենթարկված կայքերը հասանելի դառնան Հայաստանում, հետո նաև արտասահմանյան IP-ների համար:
«Եթե այս հարձակումը գնահատենք 10 բալանոց սանդղակով, ապա այն կգնահատվի 8 բալ. բավական հզոր հարձակում է: Ընդ որում, հարվածել են ոչ թե սերվերին, այլ IP-ին, խորքային մակարդակի DDoS հարձակում է»,-հայտնեց Սեդրակ Մկրտչյանը: