Ադրբեջանում ամեն օր ավելանում է վերջին օրերին ԼՂՀ դիրքապահների նկատմամբ դիվերսիոն գործողությունների ժամանակ ծանր վիրավորված եւ հոսպիտալներում իրենց մահկանացուն կնքող ադրբեջանցի զինվորների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական azadsoz.com լրատվական կայքը հայտնում է, որ Գյանջայի հոսպիտալում մահացել է հուլիսի 3-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորված զինվոր Բահրուզ Միրդամաթ օղլու Խուդաեւը: Նշվում է, որ նա մահացել է ընդամենը 40 րոպե առաջ: Կայքը տեղադրել է նաեւ նրա լուսանկարը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն այսօր հայտնել է, որ հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանական զորքերի հետ ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի իրագործած հետախուզադիվերսիոն
գործողության ժամանակ ծանր վիրավորված ադրբեջանցի զինվոր Անար Վիդադի օղլու Գարազադեն (ծն.1996 թ.) հիվանդանոցում մահացել է: Անար Գարազադեն զինծառայության էր կանչվել Բիլյասուվարի շրջանից:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջին օրերին ադրբեջանական բանակի կորուստը, իբր, կազմել է 13 զինծառայող: