Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր իրական կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Օգոստոսի 5-ին արդեն ադրբեջանական կողմը հայտարարեց, որ այդ երկրի զինված ուժերում հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:
Զորամասի զինվոր Ջավիդ Ջալիլ օղլու Մամեդովը (ծնվ. 1992 թ.) մահացել է «անզգուշությամբ իրեն ամրկացված զենքից արձակված գնդակից»: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Ջ.Մամեդովը զինծառայության էր կանչվել Աղստաֆայի շրջանի զինկոմիսարիատից:
APA-ն այսօր հայտնել է եւս մեկ զինծառայողի «անզգուշությունից» մահվան մասին: ՊՆ զորամասերից մեկի (չի նշվում զորամասի տեղակայման վայրը) 19-ամյա զինվոր Մուրադ Մահիր օղլու Սամեդովը մահացել է «իրեն ամրակցված զենքից անզգուշությամբ արձակված գնդակից»: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է նաեւ այս փաստը: Երկու միջադեպերի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է սկսել, կատարվում է հետաքննություն: