ավուշի մարզի սահմանամերձ գյուղերում օգոստոսի 8-ի գիշերը եւ 9-ի առավոտյան կրկին կրակոցներ են հնչել, սակայն ավելի թույլ ինտենսիվությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը տեղեկացրեց, որ գիշերը համեմատաբար խաղաղ է եղել: «Ճիշտ է, կրակոցներ հնչում էին, բայց նախորդ օրերի համեմատ ավելի քիչ»,- ասաց նա: Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը ևս տեղեկացրեց, որ գյուղի ուղղությամբ եղել են կրակոցներ, սակայն համեմատաբար ավելի թույլ:
«Արմենպրես»-ը զրուցեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում: Օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ավելի վաղ' օգոստոսի 8-ի երեկոյան, ադրբեջանական կողմի կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ճանապարհին մեքենա էր այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել:
Այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե հայկական կողմի կրակոցից 16-ամյա դպրոցական է վիրավորվել. կրկին առանց ապացույցների: Նման տեղեկատվություն տարածվել էր նաև օրեր առաջ, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ չապացուցեց դեպքի ճշմարտացիությունը: