Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը, անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատնքների ընթացքին, զեկուցել է, որ 741 շենքերում արդեն իսկ վերանորոգվել է ավելի քան 69 հազար քմ հարթ և թեք տանիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը հանձնարարել է սանմաքրման աշխատանքներ նախաձեռնել բազմաբնակարան շենքերի վերելակների բոլոր այն հորանների մաքրելու համար, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անուշադրության:
«Մեր բնակիչներն արդարացիորեն դժգոհում են, նշելով, որ շատ դեպքերում նաև վերելակների հորաններում տարիներով կուտակված աղբն է շենքերի մուտքերում առկա տհաճ հոտի պատճառը: Եվ սա իսկապես խնդիր է, որը, համոզված եմ, հնարավոր է կարճ ժամանակում լուծել, ուստի, արագ քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
16-րդ թաղամասի գազիֆիկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բացառությամբ 3 շենքերի, որտեղ վերջնական շտկումներ են կատարվում, հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են: