ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: ՀՄԸՄ-ն համահայկական տարածում ունեցող մարզական և սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ' շուրջ 28000 անդամով և քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, սկաուտական բանակումներ և մարզախաղեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության իրագործմանը:
ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նախ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել կենտրոնական վարչության անդամներին, ապա անդրադարձել հուլիսի 31-ին Երևանում դեպի Հանրապետության հրապարակ երթով մեկնարկած ՀՄԸՄ 10-րդ՝ հոբելյանական համընդհանուր բանակումի միջոցառումներին: Գառնիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն 10 օրով Բյուրականի բանակավայրում է համախմբել 17 երկրից ժամանած շուրջ 730 երիտասարդի՝ հայրենիքին ծանոթանալու և սկաուտական գիտելիքները փոխանակելու նպատակով:
ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամները նաև շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար:
ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918 թ., Հայաստանում գործել է 1920-1923 թթ, վերահիմնադրվել՝ 1989 թ.։ Հայաստանի ազգային սկաուտական շարժում' ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը պատանեկության և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է, որը հանդիսանում է ՀՄԸՄ գործունեության և ավանդույթների կրողը: Ներկայումս ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը գործում է 12 միավորով' ՀՀ 6 մարզում: