Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով:

 

Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի աննախադեպ առողջ բերք է ստացվել:

 

Ներկայացնելով գյուղի առաջնահերթ խնդիրները՝ համայնքի բնակիչները խնդրել են Հովիկ Աբրահամյանին աջակցել գյուղի ծայրամասում գտնվող պոմպի համար տրանսֆորմատոր, ինչպես նաև տրակտոր ձեռք բերելու հարցում: Կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված խնդիրներին՝ հանձնարարականներ տալով պատասխանատուներին:

 

Արգավանդ համայնքի բնակիչները Հովիկ Աբրահամյանին են դիմել համայնքի մանկապարտեզը վերակառուցելու խնդրանքով, ինչին գործադիրի ղեկավարը դրական է արձագանքել և հանձնարարել ներկայացնել նախագիծ-նախահաշիվ: Տանձուտ համայնքում, անդրադառնալով գյուղացիների բարձրացրած հարցին, վարչապետը խոստացել է ևս մեկ խորքային հոր օգտագործելու հնարավորություն ստեղծել:

 

Տանձուտից ուղևորվելով Ալաշկերտ համայնք՝ վարչապետ Աբրահամյանն այցելել է գյուղի բնակիչներից մեկի խաղողի այգի, ծանոթացել 5 հա հողատարածքում իրականացվող ծրագրին: Արձագանքելով գյուղացու խնդրանքին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել խաղողի տնտեսության զարգացմանն աջակցելու բիզնես ծրագիր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողմից ներկայացվող նման բիզնես ծրագրերի իրականացմանը: Իսկ Սարդարապատ համայնքում գյուղացիները խնդրել են կառավարության ղեկավարին վերամշակող գործարանների հետ քննարկել ընդունվող ապրանքների գների փոքր-ինչ բարձրացման հարցը, քանի որ ներկայիս գինը ցածր է, և ստացվող եկամուտը չի ծածկում գյուղացու ծախսերը:

 

Արմավիր քաղաքում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերից Արմավիրի պահածոների գործարանի վերանորոգված վարչական շենք տեղափոխված բնակիչներին: Շենքը վերանորոգվել է 2012 թ. Արմավիրի մարզպետարանի կողմից, ստեղծվել են բնակարանային հարմարավետ պայմաններ, սակայն մինչ օրս այստեղ տեղափոխված շուրջ 50 ընտանիք սեփականաշնորհման վկայագիր չի ստացել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը բոլոր բնակիչներին տրամադրել սեփականաշնորհման վկայագրեր:

 

Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել բանջարեղենի վերամշակմամբ և պահածոյացմամբ զբաղվող «Լևոն» ՍՊ ընկերությունում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Գործարանի արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Բելգիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, իսկ 10 տոկոսը մատակարարվում է Հայաստանի Հանրապետության բանակին: Ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկությունը խնդրել է ՀՀ կառավարությանը՝ շրջանառու միջոցների համար վարկ տրամադրել:

 

Կառավարության ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները՝ նշելով, որ գյուղացիները բարձրացրել են խորքային հորերի օգտագործմանը, վերամշակող գործարանների կողմից ընդունվող գյուղմթերքի գնի փոքր-ինչ բարձրացմանը, գյուղտեխնիկայի տրամադրմանը, վարկավորման պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

 

Այս խնդիրների կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլրդ 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել՝ Արմավիրի մարզում 119 խորքային հորի վերականգնման նպատակով, այսօր քննարկվում է նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման ավելացման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը երկարաժամկետ վարկեր տրամադրելու և ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ծրագրեր է մշակում: «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որը տրամադրելու ենք գյուղացիներին ջերմոցներ կառուցելու համար: Դա մեծ հնարավորություն է՝ աշխատատեղեր ստեղծելու և արտադրանքն արտահանելու համար», - հավելել է գործադիրի ղեկավարը:

 

Անդրադառնալով սահմանային միջադեպերին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը տեղեկացրել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է: