ՀՀ կառավարությունը պատրաստվում է 95.3 մլն դրամի չափով ավելացնել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' որոշումն ընդգրկված է Կառավարության օգոստոսի 14-ի օրակարգում:
Որոշման համաձայն' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ' լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալը 95.3 մլն դրամ չափով ավելացնելու համար:
Լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ:
Միևնույն ժամանակ առաջարկվելու է «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդին հաստատել ՀՀ-ին պատկանող երկրաբանական տեղեկատվության դրամական գնահատականը՝ հիմք ընդունելով անկախ գնահատողի եզրակացությունը:
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 989.5 մլն դրամ: Ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, որի կառավարման լիազորությունները վերապահված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, պատկանում է ՀՀ կառավարությանը: Մյուս 50 տոկոսը պատկանում է ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ին: Հայկական կողմից բաժնետոմսերի դիմաց ներդրվել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությունը, իսկ ընկերության մյուս բաժնետեր՝ «Ատոմռե դմետզոլոտո» ԲԲԸ-ի կողմից ներդրումը կատարվել է դրամական միջոցներով:
Ընկերության հետագա ֆինանսավորումը (ունեցած պարտավորությունների մարումը) ապահովելու նպատակով ռուսական բաժնետերը պատրաստակամություն է հայտնել շուրջ 95.3 մլն դրամ գումարի չափով ներդրում կատարել ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ հայկական կողմը նույն գումարի չափով կներդնի երկրաբանական տեղեկատվություն: