Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակելու նպատակով Կառավարությունը 4 մլրդ դրամ կտրամադրի Տարածքային կառավարման նախարարությանը, որը կփոխանցվի Երևանի քաղաքապետրանին։ Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով որոշումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ այդ գումարից ինն ամսում պետք է հատկացվի 1,5 մլրդ դրամը։

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով քաղաքապետին՝ հիշեցրեց, որ պայմանավորվածություն էր եղել տարվա վերջին տրամադրել այդ գումարը։ Տարոն Մարգարյանն էլ պատասխանեց, որ իրենք նախատեսել են նախնական վճարումների համար հատկացնել դա: Վարչապետը հանձնարարեց լրացուցիչ քննարկել այդ հարցը:

 

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևան քաղաքում ունենալ շուրջ 508 քմ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ երթևեկելի հատվածներում, շուրջ 105,5 քառ. մետր՝ ասֆալտբետոնյա շերտ մայթերի հատվածներում, ինչպես նաև նոր եզրաքարերի տեղադրում։