ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնթույան հետ կապերի վարչությունից, Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

 

Դեսպան Կիրակոսյանը խոր մտահոգություն է հայտնել առ այն, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի է համարվել հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:

 

Հայաստանի դեսպանը դատապարտել է պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:

 

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերÕ « հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:

 

Հայաստանի դեսպանը վերահաստատել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունն ու նշել, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցայի ն ճանապարհով կարգավորելու նպատակով:

 

Դեսպանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: