Հայաստանում ստեղծվող Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելու է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված պետական պատվերի տեղերի հաշվին: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը' արձագանքելով «Ժողո վուրդ» օրաթերթի հոդվածին, թե համալսարանի մասնաճյուղը ֆինանսավորվելու է պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուների հաշվին: Նախարարն ընդգծել է, որ նման ֆինանսավորումը գործելու է պետական պատվերի ձևով, հետևաբար ՄՊՀ-ն ևս պետական գումար կստանա, ինչպես են ստանում Հայաստանում ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարանները:
«Բուհի գործունեության համար անհրաժեշտ այլ ֆինանսական միջոցներ ներգրավվելու են Հայաստանի մասնավոր հատվածից' ներդրումների տեսքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելել է Արմեն Աշոտյանը:
ՀՀ կառավարությունն օգոստոսի 14-ի նիստում ընդունել է Հայաստանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ հիմնելու որոշումը: