ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ (հատված 2), Երևան-Աշտարակ (հատված 3) և Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։
Տրանշ 1- ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում։
Բետոնապատման աշխատանքներ են իրականացվում ճանապարհի աջ կողմում. այստեղ մոտ 2,7 կմ հատվածն արդեն բետոնապատ է։ Շոգ եղանակի պատճառով այս հատվածում կատարվել է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն' կեսօրին աշխատելու փոխարեն աշխատանքներն ընթանում են երեկոյան և գիշերային ժամերին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցման համար կարևորագույն խնդիր է բարձր որակի ապահովումը։
Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում նախատեսվում է բետոնապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի երկրորդ կեսին։ Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի աջակողմյան մասում կատարվել է մոտ 10.4 կմ, իսկ ձախակողմյան մասում' մոտ 3 կմ բետոնապատում։ Այստեղ աշխատանքների ավարտը նախանշված է հոկտեմբերի առաջին կեսին։
Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհաhատվածում իրականացվում են հողային աշխատանքներ (հանույթ, լիցք, պայթեցում), հնագիտական պեղումներ և հողօտարումներ: Հայաստանի հյուսիսային հատվածի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով' Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում, ճանապարհի տակ տեղադրվում են ջրթող խողովակներ, որոնց միջոցով անձրևաջրերն ու ձնհալոցքները կհեռացվեն՝ չվնասելով ճանապարհը։
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները: