Ուղիղ 24 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:


1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստան ի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։



Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։

 

 

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, 


ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատմանգործընթացի սկիզբը»,- հայտարարվում է ՀՀ անկախության մասին հռչակագրում:

 

Այն բաղկացած է 12 կետից: Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքում ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: