ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակում է ռազմահայրենասիրական դաստիարակության նոր հայեցակարգ, և այդ աշխատանքին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայեցակարգով դպրոցներում կթարմացնենք, կվերանայենք հայրենասիրական դաստիարակության սկզբունքները և ծրագրերը, և այն կդարձնենք համապետական ծրագիր, որի կարևորությունը դժվար է գերագնահատել' հաշվի առնելով վերջին իրադարձությունները և առհասարակ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Կարծում եմ, որ դպրոցի նպատակն է ոչ միայն կիրթ և ուսյալ երիտասարդների, այլև հայրենասերներ քաղաքացիների դաստիարակությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի բարելավաման ասպարեզում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող աշխատանքները կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի համար 532 որոշմամբ:
ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների 2008 թվականի դեկտեմբերի 19-ի «ՀՀ զինված ուժերի զորամասերի և հանրակրթական դպրոցների միջև կապերն ամրապնդելու, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարելավելու մասին» համար 1606 համատեղ հրամանով հաստատվել է ՀՀ ՊՆ համակարգի զորամասերին հանրակրթական դպրոցների կցագրման ցանկը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն տարի մեծ աջակցություն է ցուցաբերում հանրակրթական դպրոցների ռազմագիտության դասասենյակների կահավորմանը և ուսումնանյութական բազայի հարստացմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է հատկացնում ՀՀ ՊՆ հրատարակած շուրջ 3500 միավոր ռազմահայրենասիրական բովանդակության գրականություն և ֆիլմերի խտասկավառակներ:
Այս նպատակով ՀՀ զինվորական կոմիսարիատի և ՀՀ ԿԳՆ հետ նույնաբնույթ օժանդակություն է ցուցաբերվել նաև հանրապետությունում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման 40 հենակետային դպրոցներին: