Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն շարունակում է մեղադրել իշխանություններին ոչ պետականամետ մտածողության եւ գործողությունների մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւի պաշտոնանկության հետ կապված' moderator.az-ի հետ զրույցում Ջալալօղլուն հայտարարել է, որ իշխանությունները նրանից ազատվելու համար հասարակության մեջ եւ զինված ուժերի շարքերում ընդվզումներ են կազմակերպել:

 

«Սաֆար Աբիեւի ժամանակ մեկ զինվորի մահվան պատճառով Բաքվի Շատրվանների հրապարակ դուրս եկած ուժերն այսօր Զաքիր Հասանովի պաշտոնավարման ժամանակ զոհված զինվորների համար անգամ աչք չեն թարթում: Նրանից ազատվելու համար ընդվզում էր պետք եւ այդ ընդվզումը եղավ», -ասել է նա:

 

Նրա խոսքով' Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխությունը իրականում իշխանության կողմից ծրագրված խաղ էր:

 

«Այսօր զինվորների մահերը Սաֆար Աբիեւի ժամանակաշրջանում եղածից շատ են, սակայն, իրենց անկախ երիտասարդություն ներկայացնող ուժերը դրա հետ կապված ոչ մի բողոք չեն ցուցադրում: Դա ցույց է տալիս, որ Սաֆար Աբիեւին պաշտոնից ազատելու համար իշխանությանն ապստամբություն էր պետք, եւ այդ ապստամբությունը եղավ: Ս.Աբիեւը փոխարինվեց Զ.Հասանովով:

 

Իսկ զինվորների մահվան դեպքերը շարունակվում են, եւ այս անգամ ոչ ոք տեղի ունեցածի համար չի բողոքում:Իշխանությունն իր ներկայացուցիչների դեմ փողոցային ճնշման քաղաքականություն է վարում», -ասել է Ջալալօղլուն: