Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած որոշ հատվածներում իսլամական պետություն հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ իր շարքերին միացած 4 հազար թուրքերի Մոսուլում հատուկ նախապատրաստում է Թուրքիայի վրա հարձակվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Այդընլըք» թերթը:
Հղում կատարելով ռազմական աղբյուրներին' թերթը գրում է, որ ԻԼԻՊ-ը Մոսուլում հատուկ վարժանքներ է անցկացնում Թուրքիայի տարբեր շրջաններից այդ ահաբեկչական խմաբավորմանը միացած թուրքերի հետ:
«Ահաբեկչական կազմակերպությունը Մոսուլում միայն թուրքերի համար նախատեսված վարժանքների կենտրոն է ստեղծել, որտեղ 4 հազարից ավելի թուրքեր են պատրաստվում: Կենտրոնի ֆինանսավորումը կատարում է Սաուդյան Արաբիան: Այդտեղ թուրքերին մեծ աշխատավարձի դիմաց ռազմական գործ են ուսուցանում Թուրքիայում զինծառայությունն ավարտած մասնագետները», -գրել է թերթը: