ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել նախագահ Օբամայի վարչակազմին' զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել, ինչպես ասվել է, «Ռուսաստանի ներխուժման» դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վճարի ագրեսիայի համար»:

 

Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է:

 

Ավելի վաղ նախագահ Պուտինը կոչ է արել բանակցություններ սկսել «Ուկրաինայի հարավ-արեւելքի պետականության» հարցի շուրջ:

 

CNN-ին տված հարցաազրույցում Մենենդեսը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ասել է, թե «մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը գին կվճարի հետագա ագրեսիայի համար»:

 

Ջոն Մաքքեյնը կոչ է արել խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ եւ հավելել Է, որ անհրաժեշտ է զենք տրամադրել Ուկրաինային:

 

Մինչ այդ Ուկրաինայից հաղորդումներ են ստացվում ծովում տեղի ունեցած առաջին ընդհարման մասին: Ուկրաինայի զինվորականները հայտարարել են, որ Ազովի ծովում ափից հրետակոծվել է ռազմանավերից մեկը: Ականատեսների վկայությամբ՝ հորիզոնում երեւում էր բարձրացող ծուխը: Ըստ որոշ հաղորդումների՝ գնդակոծվել է եւս մեկ նավ: