Կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձևը: Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն այսօրվանից' սեպտեմբերի 1-ից սկսած' մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման և գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմումները հնարավոր է ներկայացնել' www.epension.am կայքում մուտք գործելով «ԻՄ ՀԱՇԻՎԸ» համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին' ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ: Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 % մարման վճար:
Վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները: Պետական համաֆինանսավորման գումարը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին և շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին: Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչև հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե:
Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ' զանգահարելով 114 անվճար թեժ գծին: