Ադրբեջանում խոսում են Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի հետ կապված նոր ռազմավարություն որդեգրելու մասին, ըստ որի' Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի շարք քայլեր կատարելու հետ զուգահեռ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է ստեղծելու Հայաստանի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Անկարայի համալսարանի դոկտորանտ, քաղաքագետ Օրխան Գաֆարլըն: Ըստ նրա' Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելը եւ նրան փոխարեն արտգործնախարար Էդվար Նալբանդյանի մասնակցությունը միջոցառմանը ցուցադրությունն է այն բանի, որ հայկական հարցում Անկարան «հետեւողական քաղաքական ռազմավարություն» է որդեգրել:
Ադրբեջանցի փորձագետի կարծիքով' պնդումներ կան, որ Անկարան ցանկանում է մինչեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը' 2015 թվականը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Նրա խոսքով' այս անգամ Անկարան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը եւ չի անդրադառնալու Ադրբեջանին անհանգստացնող' Հայաստանի հետ սահմանը բացելու հարցին: «Այսինքն' հայերի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացում սահմանները չեն բացվելու:
Առաջին հերթին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու, որից հետո Անկարան ծրագրում է Ղարաբաղի եւ սահմանի հարցերում խնդիրներին միջամտել դիվանագիտական կապերի միջոցով: Անկարան մտածում է, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցած երկրի հետ որեւէ հակամարտություն քննարկել հնարավոր չէ: Նման դեպքերում կարիք է լինում դիմել երրորդ կողմի, որն էլ իր շահերն է հետապնդում», -ասել է նա:
Այն հարցին, թե ինչպիսին կլինի պաշտոնական Բաքվի արձագանքն այդ հարցին, Գաֆարլըն ասել է. «Կարծում եմ, որ Էրդողանի Բաքու կատարելիք այցին այս հարցերը քննարկվելու են Ադրբեջանի ղեկավարության հետ»: