Ադրբեջանում եւս մեկ գաղտնի տեսախցիկի սկանդալ է հասունանում' այս անգամ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդի նկատմամբ:
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար (ԿՄՎ), շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն տարիներ շարունակ գաղտնի տեսախցիկներով նկարահանել եւ հետեւել է իր աշխատակիցներին: Տեսախցիկները ղեկավարող անձը ժամանակ առաջ գաղթել է Շվեյցարիա եւ իր հետ տարել գաղտնի տեսախցիկների նկարահանած նյութերի ամբողջ բազան:
Ադրբեջանի շեյխը գաղտնի տեսախցիկներ է տեղադրել ախունդների սենյակներում, Բաքվի իսլամական համալսարանի ռեկտորի եւ դասախոսների առանձնասենյակներում, իր տեղակալ Հաջի Սալմանի սենյակում եւ Հաջջի մեկնողների փաստաթղթերի վարչությունում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը' նշելով, որ այդ տեղեկությունը հայտնի է դարձել մեկ ամիս առաջ, եւ ներկայում ԿՄՎ-ում փոխադարձ հարաբերությունները խիստ լարված են:
Նշվում է, որ ԿՄՎ-ի առաջնորդի տեղակալներից Միր Ազին այդ մասին տեղեկանալուց հետո, Փաշազադեի հետ ունեցած վիճաբանության հետեւանքով անգամ սրտի կաթված է տարել: Բացի այդ, ԿՄՎ-ում բոլորը մտածում են, որ շեյխի ձեռքում իրենց մասին լուրջ վարկաբեկող նյութեր կան:
Ըստ կայքի' ԿՄՎ-ում նույնիսկ մտածում են, որ շեյխի վարկաբեկող նյութերն անցել են նաեւ ուրիշ ձեռքեր, քանի որ այդ համակարգի հեղինակը, որպես վտարանդի, ներկայում բնակվում է Շվեյցարիայում, եւ չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունից եւ շեյխից նեղացած այդ անձն իր հետ տարել է ԿՄՎ-ի դեմ վարկաբեկող նյութերի ամբողջ բազան:
«Այդ պատճառով, շեյխն ինքը եւս սկսել է լրջորեն անհանգստանալ, քանի որ այդ անձի մոտ եղած վարկաբեկող նյութերի միջոցով կարող է շանտաժի ենթարկվել Ադրբեջանի ամբողջ կրոնական վերնախավը: Վտարանդիության մեջ գտնվող անձի մոտ լուրջ վարկաբեկող նյութեր կան նաեւ շեյխի մասին: Այդ նյութերի բացահայտման դեպքում շեյխի ամբողջ կարիերան կարող է հօդս ցնդել», -գրում է կայքը:
Նշենք, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը 2010 թվականին Ադրբեջանից հեռանալուց հետո, Բաքվում նրա գաղտնի նկարահանած տեսանյութերը տեղադրվեցին համացանցում եւ Ադրբեջանում լուրջ քաղաքական աղմուկի պատճառ դարձան:
Նրա հրապարակած տեսանյութերից հետո իշխող կուսակցության առաջատար ներկայացուցիչ Գյուլեր Ահմեդովան զրկվեց պատգամավորական մանդատից եւ ձերբակալվեց: Այժմ էլ նման իրավիճակ կարող է տեղի ունենալ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի շրջապատում: