ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը խոստանում է, որ առաջիկա ամիսներին դրական արդյունքներ ունենալու դեպքում մամուլի ասուլիս կհրավիրի՝ հասարակությանը արդյունքների մասին ծանոթացնելու համար:
«Հաստատակամ եմ այն առումով, որ իմ առջև որոշակի խնդիրներ են դրված, և շատ մոտ ապագայում շոշափելի արդյունքներ ենք ունենալու այս ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օսիկյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած աշխատանքում հաջողության գրավականը համակարգին տիրապետելն է: «Ես փորձելու եմ շատ արագ մտնել հունի մեջ և կյանքի կոչել այն խնդիրներն ու ծրագրերը, որ ունեմ: Համոզված եմ, որ մոտ ապագայում կտեսնեք արդյունքները»,- ասաց Օսիկյանը՝ ընդգծելով, որ արդեն ունի գործունեության ծրագիր, որով առաջ է շարժվելու:
Օսիկյանը նշեց, որ անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի համակարգում առկա բոլոր խնդիրները վեր հանվեն և լուծում ստանան: